«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

ՀՀ Սահմանադրության փոփոխության նախապայմանի տրամաբանությունը

ՀՀ Սահմանադրության փոփոխության նախապայմանի տրամաբանությունը
10.11.2026 | 12:51

Երկու կետ կա ՀՀ Անկախության հռչակագրում, որոնք ներկայացվում են մեզ որպես Թուրքիա-Ադրբեջան սրբազան եղբայրակցության գլխավոր «մտահոգություն»։ Առաջին հիմնադրույթն է․ «...Հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա», և երկրորդը՝ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։ Ահա այս երկու կետերն են՝ Արցախի վերամիավորումն ու Արևմտյան Հայաստանի հարցը՝ Հայոց ցեղասպանության տարազումով։
ՀՀ Հռչակագրին հղում է արվել ՀՀ 1995 թ․, 2005 թ․ և 2015 թ․ Սահմանադրություններում հետևյալ դրույթով․ «Հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»։ ՀՀ Սահմանադրական դատարանը սակայն իր առանձին որոշմամբ (2024 թ․) հաստատագրել է, որ տվյալ «դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ»։ Այլ խոսքով՝ և՛ Արցախի վերամիավորման, և՛ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերը բոլորովին օրակարգային բնույթ չունեն ՀՀ արտաքին քաղաքականության մեջ, հետևաբար բոլորովին էլ պարտադիր չեն ՀՀ դիվանագիտության համար։
ՍԴ-ի սույն տրամաբանությունը երևան է գալիս պատմական առնվազն մի քանի դեպքում.
1. Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ, երբ նա պնդում էր, որ Հայոց ցեղասպանության հարցը մաս չի կազմում ՀՀ արտաքին քաղաքականության,
2. Մինսկի խմբի բանակցային ողջ գործընթացում, երբ միայն Արցախի ինքնորոշումն էր սեղանին դրված եղել և ոչ թե վերամիավորումը,
3. Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, երբ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների հիման վրա «առկա սահմանը» ճանաչվում էր որպես հայ-թուրքական օրինավոր սահման, և Հայոց ցեղասպանության խնդրի լուծումը տեղափոխվում էր պատմաբանների հանձնախմբի մակարդակ,
4. Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում, երբ ՀՀ իշխանություններն Արցախը պաշտոնապես ճանաչեցին որպես Ադրբեջանի մաս, վերջնականապես հրաժարվեցին Հայոց ցեղասպանության հետապնդումից ու մինչև անգամ հարցականի տակ դրեցին այն։
Անկախ նշված փաստերի քաղաքական գնահատականից՝ պետք է եզրակացնել, որ ՀՀ Սահմանադրության հղումը ՀՀ Անկախության հռչակագրի «հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին» պրակտիկայում ցայժմ որևէ խոչընդոտ չի ստեղծել ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում և որևէ պարտադրանք չի առաջացրել Հայաստանի դիվանագիտական գործունեության համար։ Ըստ այդմ՝ չկա Անկախության հռչակագիրը հանելու անհրաժեշտությունը։ Սա փայլուն գիտեն Թուրքիան ու Ադրբեջանը և դժվար թե մտահոգված լինեն դրանից։
Շան գլուխն այլ տեղ է թաղված։ Այն, ինչ նկարագրվում է որպես «մտահոգություն», իրականում թուրք-ադրբեջանական եղբայրակցության քաղաքական կամքն է․ նրանք չեն ձգտում խաղաղության հասնել Հայաստանի և հայության հետ։ Նրանք իրենց ռազմավարական ախորժակները չեն ցանկացել և չեն ցանկանում սահմանափակել խաղաղության, մինչև իսկ կապիտուլյացիայի պայմանագրերով։ Խաղաղությունը նրանց համար ընդամենը մարտավարական՝ փորձված և հաջողված հնարք է՝ վերարտադրելու համար իրենց դաշնակցի՝ Փաշինյանի իշխանությունը։ ՀՀ Սահմանադրության փոփոխության նախապայմանը և ՀՀ Հռչակագրի «մահախոսականը» տվյալ քաղաքական կամքի բեմականացումներն են։

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ
Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ